Փչացած, հիվանդ ատամները տարբեր հիվանդությունների պատճառ կարող են դառնալ

Առողջ և գեղեցիկ ատամներն իսկական հարստություն են։ Սովորաբար այն անցնում է ժառանգաբար։ Բայց, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի սնունդը։ Առողջ ատամներ ունենալու համար շատ կարեւոր է ընդունել կրածնով և ֆոսֆորով, ինչպես նաև` C եւ D վիտամիններով հարուստ սննդամթերք։

Կրածնով և ֆոսֆորով հարուստ են ոչխարի պանիրը, կաթը։ Շատ օգտակար է օրվա մեջ 2 բաժակ կաթ խմել։ Ֆոսֆոր շատ կա ձկան, կաղամբի, սոյայի մեջ։ C վիտամինով հարուստ են մրգերը, բանջարեղենը, կիտրոնի եւ նարնջի հյութը, ինչպես նաեւ` մասուրի եփուկը։ C վիտամինը շատ օգտակար է լնդերի համար։

Լնդերի արյունահոսությունը C վիտամինի պակասության առաջին նշաններից է։ D վիտամին շատ կա ձկան յուղի մեջ։ Խորհուրդ է տրվում ձկան յուղ ընդունել, բայց միայն բժշկի ցուցումով։

D վիտամինով հարուստ են նաեւ ձվի դեղնուցը, կաթը, կարագը, կենդանական ծագում ունեցող այլ ճարպեր, գարեջուրը, խմորիչը եւ բուսական յուղը։ Արեւի ճառագայթների ազդեցությունից օրգանիզմը սինթեզում է D վիտամին։ Բայց եթե արեւայրվելու հնարավորություն չկա, անհրաժեշտ է շատ ուտել D վիտամինով հարուստ սննդամթերք` հատկապես ձմռանը։ Հաճախ D վիտամինից է կախված ատամների առողջ կամ հիվանդ լինելը։

Ատամները մեծ մասամբ փչանում են քաղցրից` շաքարից և քաղցրավենիքներից, ինչպես նաև` գազով քաղցր ըմպելիքներից` լիմոնադ, պեպսի-կոլա և այլն։ Քաղցրի մնացուկները բերանի խոռոչում քայքայում են ատամների էմալը։ Այս նույն պատճառով խորհուրդ չի տրվում ամբողջ օրը մաստակ ծամել։ Ահա թե ինչու մրգեր, հյութեր խմելուց հետո անհրաժեշտ է բերանը անպայման ջրով ողողել։

Ճիշտ սնվելու շնորհիվ կարելի է ատամները միշտ առողջ և գեղեցիկ պահել։ Փչացած, հիվանդ ատամները տարբեր հիվանդությունների պատճառ կարող են դառնալ։

Ատամների շատ լուրջ հիվանդություն է պիորեան, որի ժամանակ ծնոտի ոսկորն այնքան է քայքայվում, որ նույնիսկ առողջ ատամներն են շարժվում և ընկնում։ Այս հիվանդությունը կարող է ժառանգաբար անցնել կամ էլ կարող է ոչ լիարժեք սննդի պատճառ լինել։ Պիորեան պահանջում է լուրջ և երկարատև բուժում, և, իհարկե, կրածնով, A, C, D վիտամիններով հարուստ սննդամթերք։

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ