Եթե Ադրբեջանը նորից պատերազմ սկսի, այս անգամ պատասխան հարվածն ավելի արյունալի է լինելու. ապրիլյան պատերազմի մասնակից (տեսանյութ)

Վստահ եմ, որ եթե Ադրբեջանը նորից գնա լայնամասշտաբ գործողությունների, պատասխան հարվածն այս անգամ ավելի արյունալի, ավելի ուժեղ է լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանը: Նա ապրիլյան պատերազմի ժամանակ որպես հրետանային դիվիզիոնի հաշվարկող մարտ է վարել Արցախի հյուսիսարևելյան հատվածում: Ժորա Աֆրիկյանն արդեն որոշել է՝ նոր լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում նորից գնալու է մարտական դիրքեր. «Ես պատրաստ եմ գնալու»,- նշում է նա:

— Ապրիլի 2-ին լրանում է քառօրյա պատերազմի 2 տարին։ Կվերհիշե՞ք՝ ինչպես եղավ ամեն ինչ, որտե՞ղ էիք պատերազմի ժամանակ, ինչ գործողություններ արեցիք և այլն:

— Կռիվն սկսվեց ապրիլի 1-ի գիշերը-ապրիլի 2-ի վաղ առավոտյան: Ես Մատաղիսում էի այդ ժամանակ: Հակառակորդը թե՛ դիրքերում, թե՛ Մատաղիսում և Թալիշում ուժեղ հրետակոծում էր, օգտագործում էր իր գրեթե բոլոր հրետանային միջոցները:

Արդեն պարզ էր, որ պատերազմ է ընթանում, նման մասշտաբի հարձակումն անսպասելի էր բոլորիս համար: Ես հրետանային դիվիզիոնում եմ ծառայել, մեր մարտական հաշվարկներով զբաղեցրինք մեր հրետանային կրակային դիրքերը և փորձեցինք հակառակորդի առաջխաղացումը կասեցնել:

— Ինչպե՞ս իրականացրիք Ձեր առջև դրված մարտական խնդիրը: Ընդհանրապես, այդ օրերին հայկական բանակի գործողություններն ինչպե՞ս կգնահատեք:

— Շատ բարձր եմ գնահատում մեր բանակի պատրաստվածությունը, և կոնկրետ հենց այդ պահին մենք կարողացանք կասեցնել հակառակորդի նպատակները:

— Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկան մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ խնդիրներ առաջացան տանկերի դիզվառելիքների, փամփուշտների քիչ լինելու, թիկունքից օգնության հասնելու մասով։ Ի՞նչ եք կարծում՝ այժմ ապրիլյան պատերազմի նման սցենարի կրկնության դեպքում այդպիսի խնդիրներ կլինե՞ն, թե՞ ոչ:

— Կարծում եմ՝ նման խնդիրները պակասեցված կամ ընդհանրապես վերացված կլինեն, քանի որ պատերազմը շատերին դասեր տվեց, սթափեցնող դասեր քաղեցինք մենք այս պատերազմից: Այդ խնդիրներին պատշաճ լուծումներ տրվել են: Վստահ եմ, որ եթե Ադրբեջանը նորից գնա լայնամասշտաբ գործողությունների, պատասխան հարվածն այս անգամ ավելի արյունալի, ավելի ուժեղ է լինելու մեր կողմից:

— Լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում Դուք և ձեր մարտական ընկերները նորից կգնա՞ք առաջնագիծ: 

— Անպայման, ես պատրաստ եմ գնալու:

— Ձեր կյանքը ապրիլյան պատերազմից առաջ և հետո փոխվե՞լ է, թե՞ ոչ՝ մտածողության, ապրելակերպի առումով:

— Բոլորը կհամաձայնեն, որ պատերազմը և, ընդհանրապես, բանակը ուսուցիչ է: Պատերազմի դասերը շատ կարևոր էին: Կյանքը դրանից առաջ և հետո ամբողջովին փոխվում է, սկսում ես ուրիշ կերպ նայել կյանքին: Հասկանում ես հայ զինվորի դերն ու նշանակությունը մեր պետության և մեր հայրենիքի համար:

— Ծառայությունից հետո այժմ ինչո՞վ եք զբաղվում, սովորո՞ւմ եք, աշխատո՞ւմ:

— Սովորում եմ Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Զուգահեռ նաև աշխատում եմ վերլուծական կենտրոնում:

— Հաշմանդամություն ձեռք բերած Ձեր մարտական ընկերների հետ կապի մե՞ջ եք, փորձո՞ւմ եք նրանց ինտեգրել հասարակությունում:

— Որքանով տեղյակ եմ, շատ միջոցառումներ են տեղի ունեցել հենց հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար: Մենք բոլորս պետք է նրանց ավելի մեծ ուշադրություն դարձնենք, միշտ հիշենք նրանց: Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի նրանց կատարած մեծ գործը, սխրանքը, և պետք է միշտ նրանց կողքին լինենք:

— Իսկ պետության կողմից ուշադրությունը, աջակցությունն ինչպիսի՞ն է:

— Աջակցությունն այն է, որ պատերազմի մասնակիցներին ուսման վարձի 50 տոկոս զեղչ է հասնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ