Ճի՞շտ է, որ երկար պաշտպանվելուց հետո զույգերը դժվարությամբ են երեխա ունենում

Հայկական ընտանիքներից շատերում (հատկապես գյուղերում) սեռական սխալ վարքի ու աննորմալ
«օրինաչափությունների» մասին պարզապես կարելի է գիրք գրել: ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթլոգ Վրեժ Շահրամանյանը սեփական փորձից հիշեց դեպքեր, երբ զույգն իբրև հակաբեղմնավորիչ կիրառել է կենցաղային տարբեր նյութեր (հանքային ջուր, հալած մոմ և այլն):
Ամենացավալին այն է, որ սեռական սխալ կյանքով ապրող այդ զույգերին դժվար է մեղադրել, քանի որ այսօր մեր հասարակությունում չկա սեռական ճիշտ կրթություն: Այն վատ հիմքերի վրա է թե’ տանը, թե’ դպրոցում: Փորձենք փոքր-ինչ լրացնել այդ բացը’ խոսելով անցանկալի հղիությունից խուսափելու ճիշտ և անվտանգ ճանապարհների մասին:
Անգամ ավելորդ է նշել, որ վերը նշված դեպքերը՝ բժշկի պրակտիկայից, խիստ վտանգավոր են ու արգելվում են, քանի որ հետևանքները կարող են անդառնալի լինել: Դա կարող է տանել անպտղության: Մինչդեռ կան անվնաս ճանապարհներ անցանկալի հղիությունից խուսափելու համար, որոնք բոլորն էլ պահանջում են բժշկական որոշակի խորհրդատվություն: Օրինակ’ հակաբեղմնավորիչի օգտագործումը միանշանակ նորմալ է, պարզապես, ինչպես ամեն բան, այնպես էլ հակաբեղմնավորիչի անկանոն, ոչ ռացիոնալ կիրառումը կարող է ունենալ բացասական ազդեցություն: Ժամանակի ընթացքում հակաբեղմնավորիչները հանգեցնում են ձվարանների և արգանդի ֆունկցիաների խանգարման՝ աստիճանաբար անդրադառնալով նաև այլ գեղձերի աշխատանքի վրա: Այսինքն՝ ցանկացած տարբերակի երկարատև կիրառումը կարող է այդ երևույթներն ավելի խորացնել: Սրանից խուսափելու համար հակաբեղմնավորիչների ընտրությունը պետք է կատարի բժիշկը. նա պետք է որոշի, թե ինչ տարբերակ կիրառվի, ինչպես նաև օգտագործման ժամկետը:
Վրեժ Շահրամանյանը պարզաբանում է. «Հայ կանանց շրջանում բավական մեծ խումբ են կազմում հորմոնալ խանգարումներ, նորագոյացություններ (միոմա, ձվարանի կիստա), վարակիչ և բորբոքային խնդիրներ ունեցող կանայք: Առանձին խումբ են կազմում արգանդապարանոցի ախտահարումներ ունեցող կանայք: Այս հանգամանքը պարտադրում է հակաբեղմնավորիչների ընտրությունը կատարել մանրամասն հետազոտությունից հետո’ սեփական օրգանիզմը չվնասելու համար: Հակաբեղմնավորիչ միջոցները բազմազան են, բայց դրանց կիրառումը սեփական օրգանիզմի բնական ռիթմի յուրահատուկ խաթարում է, ուստի դա պետք է անել խելացի և հետևողական»:

-->
Եվս մեկ տարբերակ են հորմոնային դեղանյութերը: Դրանք, ըստ սեքսապաթոլոգի, բացի հակաբեղմնավորիչ ազդեցությունից, ունեն նաև բուժական նշանակություն. «Միայն մասնագետը կարող է որոշել, թե դրանցից որն է անհրաժեշտ: Կա դեղամիջոցների հատուկ խումբ’ նախատեսված հետծննդյան շրջանի համար: Կիրառվում են նաև ներարգանդային ձևերը (պարույրներ), որոնց վստահության ժամկետը 3-4 տարի է’ անընդմեջ: Այս դեպքում պետք է բացառել վարակիչ-բորբոքային երևույթները, նորագոյացությունները, պարանոցի ախտահարումները: Գոյություն ունեն նաև տեղային հաբեր, մոմիկներ, քսուքներ, որոնք օգտագործվում են սեռական հարաբերությունից առաջ: Այս բոլոր միջոցների համար սահմանված են համապատասխան ժամկետներ, չպետք է անտեսել նաև օրգանիզմի առանձնահատկությունները և հակաբեղմնավորիչի ազդեցությունը: Անհրաժեշտության դեպքում մեթոդը պետք է փոխել: Չպետք է մոռանալ, որ այդ ծանր պատասխանատվությունը երբեմն պետք է վերապահել զուգընկերոջը»:
Լայն տարածում ունի, այսպես կոչված, հղիությունից պաշտպանվելու համար ընդհատվող սեռական հարաբերությունը : Այն, ինչպես և մյուս տարբերակներն ունի իր դրական և բացասական կողմերը: Ըստ Վրեժ Շահրամանյանի’ այս մեթոդի առավելությունն այն է, որ հատուկ նախապատրաստվածություն կամ ծախսեր չի պահանջում և ցանկացած պահի կարող է կիրառվել. «Այս մեթոդն արդյունավետ է համարվում միայն 80% դեպքերում, քանի որ հնարավոր է նախասերմնաժայթքման հեղուկում սպերմատոզոիդների առկայություն, հետևապես հղիության զարգացում: Այն ունի նաև արտահայտված կողմնակի ազդեցություններ: Տևական այս մեթոդով պաշտպանվելը պատճառ է հանդիսանում այնպիսի սեռական խանգարումների, ինչպիսիք են կանանց մոտ անօրգազմիա և սեռական ցանկության իջեցում, տղամարդկանց մոտ՝ վաղաժամ սերմնաժայթքում, սեռական թուլություն և նևրոզ, ի վերջո, կարող է պատճառ լինել զույգի մոտ սեռական աններդաշնակության»:
Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ