Որ վիտամիններն ու հանքանյութերն են պարտադիր 40 տարեկանից բարձ կանանց համար

Վիտամիններն ու սննդարար նյութերը շատ կարևոր են օրգանիզմի առողջության համար, իսկ դրանք ստանալու լավագույն միջոցը ճիշտ սննդակարգն է: Սա հատկապես կարևոր է 40 տարեկանից հետո, քանի որ այդ ժամանակ օրգանիզմը սկսում է փոխվել և այլ կերպ է աշխատում: Այս տարիքում վատանում է մարդու մկանային համակարգի աշխատանքը, նրա քաշը սկսում է ավելանալ և բարձրանում է այնպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսին են շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդություններն ու անգամ քաղցկեղը:

Սա է պատճառը, որ 40 տարեկանից հետո հարկավոր է համատեղել ճիշտ սննդակարգը վիտամինային ու հանքանյութային հավելումների ընդունման հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենակարևոր վիտամիններն ու հանքանյութերը, որոնք հարկավոր են կանանց օրգանիզմի առողջության պահպանման համար:

Վիտամին B12

Սա ամենակարևոր վիտամիններից մեկն է, որը հարկավոր է գլխուղեղի աշխատանքը բարելավելու և արյան կազմը կարգավորելու համար: Երիտասարդ տարիքում մարդը ստանում է այս վիտամինը կենդանական ծագման սննդամթրքից, սակայն ավելի հասուն տարիքում հարկավոր է սկսել ընդունել այն նաև հավելումների տեսքով (օրական չափաբաժինը 2.4 մգ-ն է): Հարկ է հիշել, որ վիտամին B12-ը լուծվում է ջրի մեջ, ուստի եթե այն անհրաժեշտ չլինի օրգանիզմին, ապա պարզապես դուրս կգա մեզի միջոցով:

Կալցիում

Կալցիումը շատ կարևոր հանքանյութ է, սակայն որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն կարող է բարձրացնել սրտի նոպայի, գլխուղեղի կաթվածի և սրտի հետ կապված այլ խնդիրների առաջացման հավանականությունը կանանց մոտ դաշտանադադարից հետո:

Մինչ 30 տարեկանը մարդու օրգանիզմը մեծ քանակությամբ կալցիում է ստանում, ինչն օգնում է ձեռք բերել ամուր ու առողջ ոսկրային համակարգ: Բացի այդ, այս տարրը հարկավոր է մկանների կծկումների, նյարդերի ու սրտի աշխատանքի և մի շարք այլ գործառույթների կատարման համար: Եթե մարդը բավարար քանակությամբ կալցիում չի ստանում, ապա օրգանիզմը սկսում է օգտագործել ոսկորներում պարունակվող կալցիումը, ինչի հետևանքով դրանք թուլանում են: Սա է պատճառը, որ 40 տարեկանից հետո հարկավոր է ուտել կալցիումով հարուստ սննդամթերք (բրոկոլի, նուշ, կաթնամթերք, տոֆու, սպանախ և այլն) և անհրաժեշտության դեպքում ընդունել նաև կալցիումի հավելումներ (օրական 1000 մգ 40 տարեկանից հետո և 1200 մգ 50 տարեկանից հետո):

Վիտամին D

Այս վիտամինը շատ կարևոր է 40 տարեկանից բարձր կանանց համար, քանի որ դրա դեֆիցիտի դեպքում բարձրանում է բազմաթիվ լուրջ հիվանդությունների առաջացման հավանականությունը, որոնց շարքին են դասվում ցրված սկլերոզը, կրծքագեղձի քաղցկեղը, կոլոռեկտալ քաղցկեղը, շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները և այլն:

Այս վիտամինը կարելի է ստանալ հացահատիկներից ու դրանով հագեցված կաթնամթերքից, սակայն լավագույն աղբյուրն արևի ճառագայթներն են: Այնուամենայնիվ՝ հարկ է հիշել, որ 40 տարեկանից հետո մարդը պետք է օրական 600 ՄՄ վիտամին D ստանա, իսկ 50 տարեկանից հետո՝ 800 ՄՄ:

Մագնեզիում

Մագնեզիումն օգնում է կարգավորել արյան ճնշումը, ինչը շատ կարևոր է 40 տարեկանից հետո: Այս տարրի դեֆիցիտի դեպքում բարձրանում է բորբոքումների, շաքարային դիաբետի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այն օգնում օրգանիզմին լավ յուրացնել կալցիումը, շատ մեծ դեր է խաղում մկանների, նյարդերի ու սրտամկանի աշխատանքի հարցում և կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

40 տարեկանից հետո կանանց խորհուրդ է տրվում օրական մինչև 320 մգ մագնեզիում օգտագործել: Այս տարրը մեծ քանակությամբ պարունակվում է ընկույզների, ավոկադոյի, սերմերի, լոբու և սոյայի մեջ: Հարկ է հիշել, որ մագնեզիումի չափազանց մեծ քանակության հետևանքով կարող են ի հայտ գալ նաև այնպիսի կողմնակի բարդություններ, ինչպիսին են սրտխառնոցը, ջղաձգումներն ու փորլուծությունը:

Կալիում

Կալիումը շատ մեծ նշանակություն ունի և հարկավոր է արյան ճնշման կարգավորման համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կալիումով հարուստ սննդի գործածությունը կարող է զգալիորեն նվազեցնել գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը:

Սակայն հարկ է հիշել, որ կալիումի չարաշահումը կարող է խիստ վնասակար լինել սրտամկանի և աղեստամոքսային տրակտի համար: Կալիումով հարուստ են բանանը, ոսպը, քաղցր կարտոֆիլն ու լոբին: Հավելումների ընդունման դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին և հետևել նրա ցուցումներին:

Օմեգա-3

Օմեգա-3 ճարպաթթուները շատ օգտակար են և շատ մեծ նշանակություն ունեն առողջության համար: Այս ճարպաթթուները շատ կարևոր են գլխուղեղի և սրտամկանի համար: Դրանք օգնում են նվազեցնել սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը, կարգավորել զարկերակային ճնշումն ու արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև խուսափել հիշողության վատացումից:

Այս ճարպաթթուները կարելի է ստանալ կտավատի սերմերից, տերևավոր բանջարեղենից, տարբեր ձկնատեսակներից ու հունական ընկույզից: Բացի այդ, կարելի է նաև ընդունել օմեգա-3-ի հավելումներ: Առողջ մարդը կարող է օրական մինչև 500 մգ օմեգա-3 ընդունել, մինչդեռ սրտի հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում ընդունել 800-1000 մգ, իսկ տրիգլիցերիդների բարձր մակարդակի դեպքում ՝ 2000-4000 մգ օմեգա-3: Հարկ է նաև հիշել, որ նման հավելումների անհրաժեշտ չափաբաժինը պետք է որոշի միայն բժիշկը:

Պրոբիոտիկներ

40 տարեկանից հետո օրգանիզմի համար շատ կարևոր նշանակություն են ունենում նաև պրոբիոտիկները: Դրանք ոչ միայն օգնում են ազատվել ավելորդ քաշից, պայքարել փորլուծության դեմ ու պահպանել աղիների առողջությունը, այլև նվազեցնում են այնպիսի վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսին են գլխուղեղի քաղցկեղը, շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները և այլն: Պրոբիոտիկներ ստանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել կաթնամթերք և սոյայի խմորումից ստացված սննդամթերք:

Facebook Comments

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ